«Ինձ համար Փակուղին նույնքան գեղեցիկ է, որքան Օվկիանոսը»
24.09.2019 | 01:08
ԱՐԱՄ ԱՎԵՏԻՍԻ հետ զրուցել ենք նրա` քաղաքին նվիրված «Ճարտարապետական մուտացիա» վեպի մասին:
-Արամ, ովքե՞ր են քաղաքի ճարտարապետական մուտացիայի մեղավորները:
-Այն մարդիկ, ովքեր քարացան իրենց ճարտարապետության մեջ և այդպես էլ չունեցան ներքին մետամորֆոզներ:
-Դուք ուզում եք փախչել քաղաքից, բայց ատում եք բնությունը: Սա փախուստ է ինքներդ Ձեզնի՞ց:
-Ես չեմ ուզում մտնել բնության մեջ և դեմ առ դեմ դուրս գալ իմ Գազանի հետ, բայց մնալով քաղաքում` ես նրան ամեն օր հանդիպում եմ վանդակում՝ անկյունին սեղմված: Այդպիսի Գազանը ավելի վտանգավոր է. նա ամեն ինչի պատրաստ է: Իսկ ազատության մեջ ես նրան չեմ կառավարի և ուժասպառ կվազեմ նրա հետևից՝ ճանապարհին կորցնելով բոլոր շղթաներս: Շատերը մեզնից, ոչինչ չիմանալով իրենց ներսի Գազանի մասին, ապրում են քաղաքում, ապրում առանց ներքին զսպվածության ու հարգանքի, և երբեմն ինձ թվում է, թե մի մեծ Գազանանոցում եմ ապրում: Գազանանոց, որտեղ ես սպասումներ չունեմ: Գազանը կարդում է, բայց աչքի պոչով անընդհատ նայում ժամացույցին, նա սպասում է, թե երբ կբերեն իր կերը: ՈՒտելիքին սպասող ստամոքսը չի կարող գրականություն մարսել:
-«Սկսեցի կարդալ և հետո, երբ անցավ գլխացավս, հասկացա, որ այս պատմվածքը ես եմ գրել»: Իրականում ի՞նչ եք զգում Ձեր գործերն ընթերցելիս:
-Ես զգում եմ, որ դեռ շատ սերունդների գլխացավեր պիտի գան ու անցնեն, մինչև նրանցից ինչ-որ մեկը մի օր պատահական կզգա, որ հաճույք է ստանում իմ գրքերից: Կամ չի զգա: Այդ ժամանակ ինձ համար միևնույն կլինի: Իսկ հիմա գլխացավը թող լինի միակ զգացողությունը, որ համահունչ կքայլի գրքերիս հետ: Նա կլինի մի պատ, որ առանձնացնում է իմ մտքերը ժամանակակիցներիցս: Գլխացավը լավ ազդակ է: Նա քեզ հիշեցնում է, ինչպես յուրաքանչյուր ցավ, որ մի բան այն չէ քո մեջ կամ շրջապատում:
-«Գրելը հիասթափության վերջին աստիճանն է»: Ինձ թվում էր՝ հիասթափությունից կարող է մեռնել գրականությունը:
-Չէ, հակառակը, գրականությունը մեռնում է երջանկությունից, ինքնաբավությունից և այլն: Դատարկությունը անսահման տարածություն է, որի վրա դու ուզում ես նկարել: Դատարկությունը հավասար է սպիտակ թղթին: Պիտի զրոյանաս: Դատարկությունը դատարկություն է ծնում, այո, որովհետև ի՞նչ է գրականությունը, եթե ոչ դատարկություն: Բայց դա այն դատարկությունն է, որում երջանկություն ես զգում և որում ինքնաբավ ես:
-«Քաղաքը ոչինչ է առանց իմ եսի»: «Քաղաքը ոչինչ է թեկուզ իմ եսով»: Դուք սիրում եք հակադրվե՞լ ինքներդ Ձեզ, թե՞ սրանք բառախաղեր են, որոնք նաև փակուղիներ են:
-Անվանեք ինչպես ուզում եք, կարևորը նրանցում ճշմարտություն լինի: Ինձ համար Փակուղին նույնքան գեղեցիկ է, որքան Օվկիանոսը:
-«2800 տարի է, ինչ այս քաղաքը չկա, և դու գիտե՞ս գոնե մեկին, որ դա նկատել է»: Դուք գրում եք Ոչնչի՞ մասի, գոյություն չունեցող քաղաքի, որի անունը Քաղաք է:
-Ես գրում եմ իմ մասին, որի անունը այսօր գուցե ՈՉԻՆՉ է: Բայց այդ ՈՉԻՆՉԸ ինձ համար ավելի հետաքրքիր է, քան նրան շրջապատող անգույն իրականությունը: Իրականությունը, որ ՈՉՆՉԻ մեջ ոչինչ չի տեսնում: Նրա մտքով նույնիսկ չի անցնում, որ այդպիսի ՈՉՆՉՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ են իմաստավորում իր վաղվա օրը:
Զրույցը` Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ
Հեղինակի նյութեր
- Պատմության վկաները
- Վերացող ծաղիկներ
- Ձեռք մեկնելու գաղափարը առաքելության վերածվեց
- «Մի նայեք, որ փոքր է մեր երկիրը, եթե արդուկով այս սարերը հարթեցնեք, Չինաստանից մեծ կլինի»
- «Բանկ օտոման» գործողությունը ժամանակին ցնցել էր ամբողջ Եվրոպան
- «Դրսից մեզ վրա կարող են ազդել միայն ներսի գործիքներով»
- «Երեսուն տարի ձգվեց մեր անկախության պատմությունը, մենք շահեցի՞նք»
- Մշակույթը հեռվից հեռու պահպանելու հույսով
- Անիմացիան, աշխարհն ու մենք
- «Մեր տարածքները փոքրացան, որովհետև այդպես էլ չհասկացանք, որ պետք է խմենք մեր բաժակով»
- Արվեստի ուժը
- Նոր մատենաշարը ներկայացնում է արևմտահայ և սփյուռքյան գրողների
- Բեմը կենդանություն է ստանում առայժմ միայն մանուկների համար
- «Գիրք սիրողների համար սա իսկական մկնդեղ է` հյութեղ ու անտանելի»
- Համաշխարհային դասականների ստեղծագործությունները՝ դուդուկով
- «Բնակչությունը պատրաստ չէ, բայց տարվում են աշխատանքներ»
- Ամանորի գիշերը դիմավորելու են եկեղեցում
- «Ջազի մեջ զգացվում է ապրածդ ժամանակաշրջանը»
- «Եթե չլիներ Փելեշյանը, կարծում եմ, դեռևս գտած չէի լինի կինոյում իմ ուղին»
- «Հուշարձաններն այդ տարածքների պատկանելության անձնագրերն են»
Մեկնաբանություններ